Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր «Մեդիա» կենտրոնում ներկայացրել է «Ատելության խոսքի դրսևորումները հայաստանյան ԶԼՄ-ներում» մոնիտորինգի արդյունքները:
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ «ատելության խոսքը հայաստանյան լրատվամիջոցներում չնչին թիվ է կազմում, բայց կայուն է»։ Նա տեղեկացրեց, որ 2013թ. 9 ամիսների ընթացքում դիտարկվել է 9 լրատվամիջոց։ Ընտրվել են և՜ իշխանական, և՜ ընդդիմադիր լրատվամիջոցներ (առցանց, տպագիր և հեռարձակող)։ Դիտարկումը կատարելիս ուսումնասիրվել է միջազգային և հայաստանյան օրենսդրությունները՝ հասկանալու համար, թե ինչ տիպի են անհանդուրժողականությունն ու ատելությունը։ «Ինչպես վկայում են թվերը, ատելության խոսքը հայաստանյան լրատվամիջոցներում չնչին թիվ է կազմում` 1%: Օնլայն լրատվամիջոցները, ցավոք, առաջատար են ատելության խոսքի տարածման հարցում»,- հայտնել է Աշոտ Մելիքյանը:
Արձանագրվել է 1795 ատելության խոսք 151 հազար 939 հրապարակումներում։ Որպես ատելության խոսքի առանձին դրսևորումներ առանձնացվեցին «հանցախումբ», «համասեռամոլ», «աղանդ», «աղանդավոր» բառերը: Աշոտ Մելիքյանը նշել է, որ հայաստանյան յուրաքանչյուր լրատվամիջոց սեռական փոքրամասնություններին «երկրորդ դաս» որակելու հատկություն ունի:
Բանախոսը նաև տվեց անուններ։ Ատելության խոսքի ամենաշատը կարելի է հանդիպել «7 օր» կայքում (խոսքն առաջին հերթին քաղաքական ատելության խոսքի մասին է), այնուհետև՝ Tert.am-ը, 1in.am-ը։ Հեռուստաընկերություններից դիտարկվել են Հանրայինը, «Երկիր մեդիան» և «Կենտրոնը»։ Առաջատարը «Կենտրոնն» է, այնուհետև՝ «Երկիր մեդիան», ապա՝ Հանրայինը։ Տպագիր լրատվամիջոցներից ամենաշատը ատելությամբ լցված է «Հայկական ժամանակը», ապա՝ «Հայոց աշխարհը» և «Ազգը»։ Ատելության խոսքն ամենաշատն արտահայտում են լրագրողները, այնուհետև՝ քաղաքական գործիչները։
Բանախոսը խորհուրդ տվեց զերծ մնալ ատելության խոսքից կամ այն հասցնել նվազագույնի, քանի որ այն լրատվամիջոցից անցնում է հասարակության մեջ։